Թուրքերը փայլուն դիվանագետներ են, սթափ ու ադեկվատ, բայց երբ հերթը հասնում է Հայ-թուրքական հարաբերություններին, գժվում են


, | Հրապարակվել է: 08:15 PM, March 10, 2019

IMG

Տարիներ առաջ հարցազրույցների մեկի ժամանակ Ժիրայր Լիպարիտյանը չափազանց հետաքրքիր միտք էր արտահայտել, մոտավորապես այսպես․ «Թուրքերը փայլուն դիվանագետներ են, սթափ ու ադեկվատ, բայց երբ հերթը հասնում է Հայ-թուրքական հարաբերություններին, գժվում են»։ 

Կարծում եմ նույն տրամաբանությունը գործում է նաև մեր միջավայրում։ Մենք էլ աշխարհին նայում ենք չափազանց սթափ ու ադեկվատ հայացքով, բայց երբ հերթը հասնում է Ղարաբաղյան հակամարտությանը, ոչ թե գժվում ենք, այլ՝ հիմարանում։ 

Իսկապես հիմարանում ենք և դա պարզ երևում է համանախագահների տարածած հայտարարության վերաբերյալ ծավալվող քննարկումներում։ Տպավորությունն այնպիսին է, որ համանախագահների քննարկած հակամարտությունը կապ չունի քաղաքագետ-վերլուծաբանների քննարկած հակամարտության հետ, կարծես թե տարբեր հիմնախնդիրների մասին խոսեն։ 

Ինձ թվում է գոնե այս հարցում հասարակական-քաղաքական շրջանակները մի փոքր պետք է լրջանան ու ավելի կառուցողական դառնան։ Արցախի հարցը ո՛չ Ռոբերտ Քոչարյանինն է և ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանինը, սա ազգային հարց է ու չի կարելի այն մանր պրոպագանդայի առարկա դարձնել։ Պարզապես չի կարելի ու վերջ։ 

Հիմա երկու խոսք համանախագահների տարածած հայտարարության մասին։  Իսկ ո՞վ ասեց, որ հեշտ է լինելու։ Բնական է, որ այդ բարդ ու անլուծելի թվացող հակամարտության շուրջ ծավալվող քննարկումներն ու բանակցությունները չեն կարող հեշտ լինել ու երբևէ չեն էլ եղել։ Հայաստանին ու Արցախին լուրջ փորձություններ են սպասվում և դրանք տարիների ու տասնամյակների հեռանկար ունեն։ Փորձություններն այդ կարող են հաղթահարվել միայն անմարդկային ճիգի, ոչ ստանդարտ լուծումների ու հանրային համերաշխության ճանապարհով։ 

Շատերը միամտորեն կարծում էին, թե համանախագահները պետք է ծափահարություններով ընդունեին Հայաստանի նոր կառավարությանն ու նրա առաջարկած նոր մոտեցումները։ Բնական է, որ Ղարաբաղի պես կարծրացած հակամարտության պարագայում ամեն նոր բան ընդունվելու է սվիններով՝ հանդիպելով զորեղ դիմադրության։ 

2017 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ին տված հարցազրույցում ասել էր, որ դեռևս չկան նպաստավոր այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների սեղան։ Իսկ ի՞նչ է փոխվել հիմա, իհարկե դժվար է ասել, միայն մի բան է հստակ․ ինչ-որ մի օր Ստեփանակերտը վստահաբար նստելու է բանակցային սեղանի առջև, դա լինելու է բանակցությունների ընթացքից պարտադրվող անհրաժեշտություն և դրանից ելնելով հենց համանախագահներն են ամեն ինչ անելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն նախաձեռնելու համար։ Ժամանակ է պետք։