Հրատապ լուրեր:

Հայաստանը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


tert.am, | Հրապարակվել է: 05:46 PM, March 12, 2019

IMG

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Նիկոլ Փաշինյանի ելույթը նիստի ընթացքում ներկայացնում ենք հատվածաբար. «Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է: Հարգելի գործընկերներ, 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: