Օպերայի սրճարաններից հետո կանցնեն Օղակաձեւ այգուն․ «Ժողովուրդ»


, | Հրապարակվել է: 09:23 AM, March 14, 2019

IMG

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երևանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով:

   Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս դերասան ժամանակ հնչեցրած երգերը: 
     Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների միջև: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը: 
     Մինչ այդ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որևէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետևաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա: 
     Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, և որոշում կկայացվի»:
     Իսկ մինչ այդ նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաև Օղակաձև զբոսայգում՝ այնտեղից ևս հանելով կառուցված, բայց և չգործող սրճարանները»: 
  Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։